<< ԱՐԴԱՐԱՑԻ ԽԱՂ >>

11:39 - 08 Սեպ, 2020

Օրացույցով սեպտեմբերի 7-ը   արդարացի  խաղի միջազգային օրն է: Դա նշանակալի է  այն մարզիկների համար, ովքեր սպորտում  առաջնորդվում  են արդար խաղի սկզբունքով։

Համաճարակի պատճառով  արդարացի խաղի միջազգային կոմիտեի /  Fair Play /բազմաթիվ ծրագրեր հետաձգվել են, գործկոմի նիստերն անցկացվել  են առցանց և կազմակերպությունում հույս ունեն, որ  չեղարկված միջոցառումները կկայանան հաջորդ մրցաշրջանում։ 

Անգամ հիմա, երբ համաճարակի պատճառով շատ մրցումներ հետաձգվել կամ չեղյալ են հայտարարվել, սպորտում գրանցվել են ազնվության  ու արդարության բազում օրինակներ:

Մի շարք առցանց մրցաշարերի մրցանակային հիմնադրամների գումարներ փոխանցվել են  կորոնավիրուսի բուժում  կատարող հիվանդանոցներին, որոշ մարզիկներ բարեգործական ակցիաներ են իրականացրել և այլն։

Արդարացի  խաղի միջազգային  կոմիտեի նախագահը 82 -ամյա Իենո Կամուտին է, ով  մարզական  աշխարհում հայտնի է որպես սուսերամարտից օլիմպիական խաղերի մեդալակիր։ Նա նաև սրտի վիրաբույժ է և ստեղծել է Հունգարիայի ամենամեծ հիվանդանոցը, կատարել  է սրտի հարյուրավոր վիրահատություններ:  Մեծանուն բժիշկը հայտնել է, որ  մրցանակների հանձնման հերթական հանդիսավոր արարողությունը և ընտրական  համագումարը տեղի կունենա Բուդապեշտում՝  առաջիկա  դեկտեմբերին։

Ամեն դեպքում բացառված չէ,  որ այդ միջոցառումն էլ կարող է հետաձգվել։  ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը  միջազգային  մարզական կառույցներին պարզաբանել է, որ կարող են  չեղյալ հայտարարել ցանկացած առկա հանդիպումներ, նիստեր, համագումարներ ՝ մինչ Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի ավարտը։

Ջանադիր աշխատանք է կատարում  նաև ՀԱՕԿ –ի  արդարացի խաղի հանձնաժողովի նախագահ, մարզաշխարհի մեծ երախտավոր Լյովա Սամվելյանը։ Նա ըմբիշ է , ԽՍՀՄ սպորտի վարպետ, վաստակավոր մարզիչ և գործիչ, գիտությունների թեկնածու է, պրոֆեսոր։ Տասնամյակներ շարունակ եղել է տնտեսագիտության համալսարանի ֆիզդաստիրակության ամբիոնի վարիչը։ 

Լ․ Սամվելյանը արադարացի խաղին վերաբերող չափածո և արձակ  բազմաթիվ հոդվածների ու գրքերի հեղինակ է։ Նրա ղեկավարած հանձնաժողովի միջնորդությամբ ՄՕԿ –ի արդարացի խաղի մրցանակին են արժանացել  հայրենական սպորտի երևելիներ, մեծն Հրանտ Շահինյանը, Շավարշ Կարապետյանը, << Արաքս >> ֆուտբոլային թիմը, մյուսները։

 

 

Այլ նորություններ